ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ
Օտարության մեջ գոյատևման պայքարում մենք հաճախ կորցնում ենք ազգային նկարագիրը, մեր լեզուն, հեռանում ազգային արմատներից, ավանդույթներից, սովորություններից, դադարում ենք կրել դարերով ստեղծված հայկական մշակութային արժեքները, մեր շրջանում աստիճանաբար պակասում են հայերեն խոսող հայերի թիվը, իսկ մի ստվար մասն ընդհանրապես չի տիրապետում մայրենիին կամ տիրապետում է մասնակի, կամ հայերենի գործածումը սահմանափակվում է բանավոր խոսքով, հայոց լեզվի մեջ ներթափանցում են օտար բառեր, որն ուղղակիորեն տանում է հայոց լեզվի աստիճանական քայքայմանը: Այս ամենը գիտակցելով է, որ դպրոցում արտացոլված ծրագիրը նպատակաուղղված է սովորողների մոտ արմատավորելու հայերենի գործածումը, ամրապնդելու ազգի, նրա ավանդույթների և հաղթանակների նկատմամբ հարգանքը և հպարտության զգացումը, նպաստել հայրենասիրական դաստիրակության համակարգի կայացմանը, դրա արդյունավետ գործունեությանը և հայության ինքնությունն ամրապնդող գործողությունների իրականացմանը ` միաժամանակ սերմանելով հանդուրժողական և հարգալից վերաբերմունք այլ ազգերի նկատմամբ: Դպրոցում հայեցի կրթությունն ու դաստիարակությունը, հայ ազգային ինքնության պահպանումը մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում:
Հիշելով Գարեգին Նժդեհի այն խոսքը, որ լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը՝ Կատալոնիայի ԱՅԲ Մեսրոպատառ դպրոցը ջանում է հայրենիքից այդքան հեռու մեծացող, օտար հողի վրա դաստիարակվող հայ մանուկներին ու երիտասարդներին փոխանցել մեր մեսրոպատառ մայրենին:
Պատահական և անսպասելի չէ, որ ֆրանսիացի լեզվաբան Անտուան Մեյեն նկատել է, որ հայոց այբուբենը գլուխգործոց է, որ պահպանվում է մինչև այսօր առանց փոփոխություն կրելու: Նա նշել է, որ մեր լեզվի ճկունությունն ու ճոխությունն են հենց գլխավոր ուժ եղել մեզ համար: Հենց մենք՝ մեր ազգի մի մասնիկներս պարտավորություն ենք կրում միշտ հզոր պահել այդ ուժը: Ուստի դպրոցի աշխատանքային անձնակազմի համար մեծ պատասխանատվություն է հայ երեխաներին հաղորդակից դարձնել մեր ոսկեղենիկ գրերին, այդքան հարուստ գրականությանը ու նաև հզոր պատմությանը:
Մեր գլխավոր նպատակն է, որ մեր երեխաները միշտ պատվով կրեն հայ լինելու բարձրագույն կոչումը, գնահատեն մեր պատմությունը ու այլ ազգերի հետ համեմատվելիս հիշեն, թե մենք ինչ ծագում ունենք, ինչ ճանապարհ ենք անցել ու այն ուղին, որը մեզ տանում է դեպի լուսավոր ապագա, հենց իրենց ձեռքով պիտի ստեղծվի ու հարթվի: Մեր նպատակն է, որ մեր երեխաները մտածեն, խոսեն ու գրեն իրենց մայրեին լեզվով՝ հոգով զգալով մեր լեզվի խորությունն ու վեհությունը:
Ինչպես Հովհաննես Թումանյանն է նշում՝ լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը,պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին,հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
Ուրեմն չմոռանանք, որ յուրաքանչյուրս հոգևոր պարտք ունենք ազգին տալու. մեր լեզուն հաջորդող սերունդներին փոխանցել՝ չանտեսելով որևէ մեկին:

ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ
-Հայոց լեզու
-Հայ գրականություն
-Հայոց պատմություն
-Խոսքի զարգացում
-Կերպարվեստ
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Դպրոցում դասավանդվող հայոց լեզու առարկայի համար ներկայումս գործում է չորս հիմնական ծրագիր՝ որոնց ընդհանուր և գլխավոր նպատակն է, որ 2013-2014 ուստարվա ավարտին դպրոցի բոլոր սաները ծանոթացած լինեն հայոց այբուբենին, կարողանան հայերեն տառերով գրել և կարդալ:
Պայմանականորեն առաջին և երկրորդ խումբ կոչվող դասարաններում սովորում են 5-ից 10 տարեկան երեխաները: Նրանք բաժանված են երկու խմբի՝ կախված տառաճանաչության տարբեր մակարդակներից: Ըստ դպրոցում գործող դասավանդման ծրագրի՝ առաջին խումբը ամբողջ տարին աշխատում է «Այբբենարան» դասագրքով, աշխատանքային տետրերով: Դասագրքից բացի երեխաները սովորում են բանաստեղծություններ, պատմում հեքիաթներ:
Երկրորդ խմբի երեխաները աշխատում են «Այբբենարան» դասագրքով մինչ դեկտեմբեր ամսվա ավարտը՝ ամրապնդելու համար նախորդ գիտելքինեը և հայերենով գրելու ունակությունը: «Այբբենարան» դասագրքին զուգընթաց նրանք նույնպես կարդում և սովորում են հեքիաթներ, բանաստեղծություններ: Երկրորդ կիսամյակում խմբի աշակերտները աշխատում են «Մայրենի 2» դասագրքով:
Դպրոցի 3-րդ խմբում սովորում են 10 տարեկանից բարձր աշակերտներ, որոնց համար գործում է հայոց լեզվի դասավանդման երկու ծրագիր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա աշակերտներից երկուսը լիարժեք տիրապետում են այբուբենին: Ծրագրերը տարբերվում են միայն առաջին կիսամյակի համար: Արդեն իսկ տառաճանաչ աշակերտները կատարում են գրականության նյութերի գրավոր վերլուծություն, գրում թելադրություններ, շարադրություններ, լեզվին առնչվող վարժություններ: Աշակերտների մյուս մասը առաջին կիսամյակի ընթացքում գլխավորապես կենտրոնանում է տառաճանաչության վրա՝ աշխատելով «Այբբենարան» դասագրքով, ինչպես նաև օժանդակ այլ նյութերով: Երկրորդ կիսամյակում խումբը առաջնորդվում է նույն ծրագրով՝ ծանոթանալով հայերեն հոմանիշների, հականիշների, համանունների զույգերի, խոսքի մասերի հետ՝ հնարավորինս խոսքը ճիշտ հայերենով կազմելու և արտահայտելու համար: Ուսումնական ողջ ծրագիրը ընդգրկում է թելադրություններ, շարադրություններ և փոխադրություն:
Հայոց լեզու առարկայի դասավանդման ընթացքում թելադրության նյութերը ընտրվում են մեր գրականության հարուստ շտեմարանից:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ գրականությունը որպես առանձին առարկա դասավանդվում է դպրոցի միայն 3-րդ խմբում: Ծրագիրն ընդգրկում է գրերի ստեղծումից մինչ 20-րդ դարի առաջին կեսի հայ գրականությունը: Հաշվի առնելով այն կարևորագույն հանգամանքը, որ դասերը անցկացվում են շաբաթական միայն մեկ անգամ՝ աշակերտները հնարավորություն չեն ունենա խորությամբ ուսումնասիրել հայ հեղինակների ստեղծագործություները: Այդ իսկ պատճառով առանձին հեղինակներից ընտրվել են միայն մի քանի ստեղծագործություններ, որոնք կներկայացվեն աշակերտներին՝ առավել խորը ուսումնասիրությունը թողնելով հաջորդ ուստարվան:
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հայոց պատմություն առարկայի ուսուցումը նախատեսված է դպրոցի 3-րդ խմբի աշակերտների համար: 2013-2014 ուստարվա համար պատրաստված ծրագիրը հիմնված է դպրոցների 6-րդ դասարանի համար նախատեսված դասագրքի վրա՝ գլխավորապես ընդգրկելով հին Հայաստանի պատմությունը: Նախատեսվում է պատմական ֆիլմերի դիտում, պատմական դրվագների քննարկումներ: Պատմության հետագա ուղղուն ծանոթացնելը նախատեսվում է հաջորդ ուսումնական տարիներին:
ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Խոսքի զարգացում. Խոսքի ճիշտ օգտագործումն արվեստ է, և մեր ուսուցման ծրագրում առանձին տեղ է զբաղեցնում սովորողների մոտ հայերեն խոսքը զարգացնելը, կիրառվում են խոսքային այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են պատմելը, զրույցը, բանավեճը, հաղորդումները և այլն: Խոսքային մեթոդները մղում են աշակերտներին քննել, վերլուծել, գնահատել՝ համեմատության, հակադրության, նկարագրության, միտքն ակտիվացնող հարցերի և առաջադրանքների միջոցով: Այս ճանապարհով աշակերտները թափանցում են գեղարվեստական խոսքի պատկերավորման գաղտնիքների մեջ, ձեռք են բերում նորանոր գիտելիքներ մայրենի լեզվի բառապաշարի՝ գրականության մեջ գործածվող շերտերի մասին, զարգանում են նրանց և՛ ընթերցողական, և՛ կապակցված խոսք կառուցելու, երկխոսությունների մեջ մտնելու, զրուցելու, վարկածներ առաջ քաշելու, ապա համատեղ քննարկման ընթացքում դրանք վերանայելու կարողությունները և ունակությունները:
Այսպիսով դպրոցի 1-ին և 2-րդ խմբերին առանձին ժամ է հատկացվում, որի գլխավոր նպատակն է զարգացնել երեխաների՝ հայերնով խոսելու, արտասանելու, երգելու և մտածելու ունակությունը: Այս դասի ընթացքում երեխաները սովորում են հայերեն երգեր, բանաստեղծություններ, հանելուկներ, շուտասելուկներ, քննարկում զանազան նյութեր:
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
Դպրոցում սովորող 1-ին և 2-րդ խմբերի աշակերտները մեկ ժամ հատկացնում են կերպարվեստին: Այս դասաժամի նպատակն է երեխաներին հնարավորություն տալ խոսել, պատմել իրենց պատկերացումների, իրենց նկարած նկարների, պատրաստած իրերի մասին:
ԴՊՐՈՑԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Դպրոցը աշխատում է նաև ամառային արձակուրդներին, սակայն դպրոցի գլխավոր ծրագրից դուրս առանձին պլանով: Կազմակերպվում են հայկական ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, գրական նյութերի ընթերցումներ: Հիմնական նպատակը խոսքի զարգացումն է: Ծրագիրը, անշուշտ, ենթակա է փոփոխությունների՝ կախված այդ ընթացքում դպրոց այցելող երեխաների ցանկություններից: Քանի որ մենք աշխատում ենք այդ ընթացքում համատեղել հանգիստն ուսման հետ: