
Գարեգին Նժդեհի
մտորումներից
Երբ իմ շրթունքները մրմնջում են ցեղի մասին, աջս ցույց է տալիս Հայաստանը:
Հայաստան. նա. ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չիմացավ և վաղը պիտի չուզենա մեռնել`քո զավակը չէ, հայ չէ:
Երբեք այնքան անհայրենիք չենք, քան երբ դադարել ենք մտածել, գործել, զոհաբերել մեր Հայրենիքի համար:
Կրոնների պես հայրենիքներն էլ են պահանջում, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք ու մաքրամաքուր:
Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև`հաղթական հայրենիք չի ունենա:
Անհատ, հավաքականություն. սրանք հավիտենականին կապվում են իրենց հայրենիքի միջոցով:
Հոգեբանորեն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ ամեն վայրկյան մեռնելու իր հայրենիքի համար:
Իմ հոգին զույգ հենարաններ ունի`Աստված և Հայրենիք:
Հայ մարդ, կասկածելի է հայրենասիրությունդ, եթե գոյությանդ իմաստն ու դրոշը հայրենիքդ չէ:
Հայրենիքս և ես`մենք լծորդված ենք իրար ինչպես հոգի և մարմին, ինչպես նպատակ և միջոց. նա գերագույն նպատակ է, ես` միջոց:
Հայրենիքի համար ապրում և մեռնում է ոգու մարդը, միայն նմանը:
Սրտի և իմաստության տեր դասական ժողովուրդները մահապատժի փոխարեն տարագրությամբ պատժում էին դժբախտ ենթակային, նրան զրկելով հայրենի հողից և ջրից օգտվելու իրավունքից: Այն ժամանակ էլ, ինչպես այսօր, սրտի աստվածություն էր հայրենիքը:
Հավիտենականի զգացումն է ծնունդ տվել հայրենիքին,սրբության զգացումը`հայրենասերներին:
Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:
Հայաստան`քեզ սիրտը ծնեց , դու ապրում ես սրտերի մեջ և ջերմաջերմ սրտերի շնորհիվ միայն: Գուցե եղել են և անսիրտ խելոքներ, որ սիրել են քեզ, բայց նրանք չեն խաչվել, չեն մեռել քեզ համար: Հայրենիքի համար մեռնում է, հերոսանում է մեծ սրտի տերը միայն:
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:
Ինչպես աչքս`լույսը, այնպես էլ սիրտս Հայաստանն է փնտրոմ: Ապրում եմ`մի օր հայրենի լեռների վրա մեռնելու հույսով: Պիտի ուզեի մեռնել, հենց որ մեռնի այդ հույսը: