top of page

Գարեգին Նժդեհ

Կրթությունը

Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո՝ Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։

Զինվորական գործունեությունը

Բալկաններ

1907 թվականին մտնում է ՀՅԴ շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թվականին վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնում է Բուլղարիա։

Երբ 1912 թվականին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, և հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։

Առաջին համաշխարհային պատերազմ տարիներին լինելով զորավար  Դրոյի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։

 

Հայաստանի Առաջին Հանրապետություն և Լեռնահայաստան

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918 թ վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։

Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։1920 թ-ի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից։ Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի հետ մինչև 1921 թ., նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Սյունիքը մնալու էր Հայաստանի կազմում։ 1921 թ-ին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան։ Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիա։

 

Հրապարակումները

1923 թ-ին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքիկռիվների պատմությանը՝ 1923-1925 թվականներին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք»ամսագրում։

1924-1925 թթ-ին նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում։ Մասնավորապես, 1924 թվականին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «Էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում։

1926 թ-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը։

1933 թվականի ամռանը Նժդեհը Դաշնակցության Ընդհանուր ժողովի որոշումով մեկնում է ԱՄՆ։ Նժդեհի հետ ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արևմտահայերի ջարդերին և արտասահմանում հակահայկական քարոզչության ղեկավարներից էր)։ Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում։

 

 

 

«Ցեղակրոն» շարժումը

ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Դաշնակցության դիրքերի ամրապնդմանը, ինչպես նաև Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով։

1935 թ-ին նա լույս ընծայեց «Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը» աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնելՑեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային։

1937 թ-ին Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել «Ռազմիկ» ազգայնական թերթը։

1937 թ-ին Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի «Իմ պատասխանը» ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին։

Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարևորվում և հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու և նոր բարոյականով սպառազինելու խնդիրը։ Այդ նպատակով, 1937-1938 թթ-ին, Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի և այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը։

1938-1939 թթ-ին լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ «Տարոնի Արծիվ»-ը։

Գարեգին Նժդեհի մտորումները

bottom of page